Լրահոս

17.02.2012 13:37


Էթնոժողովրդագիր. «Ծնված երեխաներին համարժեք թվով մարդ է արտագաղթել Հայաստանից»

Էթնոժողովրդագիր. «Ծնված երեխաներին համարժեք թվով մարդ է արտագաղթել Հայաստանից»

 Ժողովրդագրական տեսանկյունից Հայաստանը մասնագետների կարծիքով աղետալի վիճակում է, և մարդահամարի նախնական արդյունքների հրապարակումը նրանց կարծիքով վկայում է դրա մասին: Պատկերը ավելի ցայտուն է դառնում այն ժամանակ, երբ հրապարակված նախնական տվյալները համեմատում են 2001թ. մարդահամարի արդյունքների հետ:

–2001թ. մարդահամարի տվյալներով՝ առկա բնակչության թիվը տալիս է 3 մլն, հիմա նախնական տվյալներով առկա բնակչության թիվը տրվում է 2 մլն 875 հազ., այսինքն՝ 125 հազ.–ով նվազել է: Իսկ թե ինչքանո՞վ է պակասել մշտական բնակչության թիվը, դեռ հայտնի չէ,-ասել է էթնոժողովրդագիր Արտաշես Բոյաջյանը:

«7օր»–ի այն հարցին, թե ինչպե՞ս կարելի մեկնաբանել այն փաստը, որ 10 տարում բնակչության թիվը 125 հազ.–ով պակասել է, և արդյոք դա բնականո՞ն է, Արտաշես Բոյաջյանը պատասխանել է.

–Վերջին տասը տարվա ընթացքում բնական աճի հաշվին միտումը դրական է եղել: Այսինքն՝ տարեկան բնակչության թիվը Հայաստանում ավելացել է 20-30 հազ.–ով: Հետևբար՝ 10 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը միջինը պետք է ավելանար առնվազն 200 հազ.–ով, միայն բնական աճի հաշվին: Հիմա եթե 2001թ. մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 200 հազ., բնականաբար՝ բնական աճի հաշվին բնակչության թիվը 2011թ. պետք է կազմեր 3 մլն 400 հազ»:

Մասնագետի խոսքերով՝ ժողովրդագրական տեսանկյունից այս փաստը աղետալի է, քանզի նախնական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ բնակչության թիվը 500 հազ.–ով պակասել է, և այս փաստը յուրաքանչյուր կառավարության լուրջ մտածելու տեղիք պետք է տար.

–Բնակչության թիվը նվազել է 500 հազ.–ով, որը կազմում է բնակչության ընդհանուր թվի 17 տոկոսը։ Ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ կարող է ասել, որ սա նորմալ երևույթ է: Չեմ պատկերացնում, թե ի՞նչ բացատրություն կարող են տալ այս փաստին: Ծնված երեխաների թվին համարժեք թվով մարդ Հայաստանից արտագաղթել է, մի բան էլ ավելի: Այսինքն՝ բնակչությունը նվազում է բացառապես արտագաղթի հաշվին,-նշել է Արտաշես Բոյաջյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը